ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՌԵՅԿԻ. ԲՈՒԺԻՉ, ՀՈԳԵՎՈՐ ԷՆԵՐԳԻԱ

ՌԵՅԿԻ. ԲՈՒԺԻՉ, ՀՈԳԵՎՈՐ ԷՆԵՐԳԻԱ
23.04.2010 | 00:00

Դուք միջոցներ եք փնտրում խաթարված առողջությունը վերականգնելո՞ւ, դուք ուզում եք օգնել ձեր հիվանդ մտերիմների՞ն, իսկ գուցե պարզապես ցանկանում եք ունենալ ավելի շատ ուժ ու էներգիա, որպեսզի կյանքն է՛լ ավելի շատ ուրախությո՞ւն պարգևի։ Այդ ամենին հասնելու համար ձեզ կօգնի ռեյկին։ Ռեյկին առանձնահատուկ է նրանով, որ շատ հեշտ է յուրացվում։ Իսկ նրա առողջարար սեանսներ կարելի է անել անմիջապես ռեյկիի առաջին աստիճան ստանալուց հետո։ Միայն հարկավոր է ձեռքերը դնել, և էներգիան կսկսի հորդել ափերի միջով։
Ի՞նչ է ռեյկին։ Ռեյկին սկիզբ է առել 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին` Ճապոնիայում։ «Ռեյկի» ճապոներեն բառ է, որը նշանակում է բուժիչ, հոգևոր էներգիա։ Ռեյկիի ստեղծման պատմությունը ոչնչով չի տարբերվում շատ այլ ուսմունքների հոգևոր փնտրտուքներից։ Դժվար պահերին Միկաո ՈՒսուին (որը համարվում է ռեյկիի հիմնադիրը) բռնեց կյանքի իմաստը գտնելու ճանապարհը։ Հին ճապոնական սովորության համաձայն՝ կյանքի դժվարին պահերին մարդիկ հեռանում են սուրբ վայրեր՝ ճգնելու և անհանգստացնող հարցերի պատասխանները գտնելու։ Հետևելով բուդդիստական փորձին՝ Միկաո ՈՒսուին սկսում է մեդիտացիաները, և վերջին մեդիտացիայի ժամանակ հասնում է իր նպատակին՝ հպվելով հզոր հոգևոր էներգիայի։ Իր որոնումների ավարտին նա որոշում է վերադառնալ տուն և հայտնաբերած համակարգը գործի դնել։ Համոզվելով նոր մեթոդի արդյունավետության մեջ՝ ռեյկիի հիմնադիրը որոշում է այն դարձնել հասանելի բոլոր մարդկանց։ Այս ճանապարհին նա ստիպված էր մի քանի տարի աշխատել մարդկանց հետ և ապացուցել ռեյկիի կենսունակությունն ու անվնաս լինելը։
Ռեյկիի հիմնադիրը համարում էր, որ մարմնի առողջությունը պայմանավորված է առողջ հոգով։ Այդ իսկ պատճառով նա խորհուրդ էր տալիս հետևել հինգ սկզբունքի՝ մի՛ չարացիր, մի՛ անհանգստացիր, եղիր շնորհակալ, ջանասիրաբար աշխատիր քեզ վրա, եղիր բարի մարդկանց նկատմամբ։
Սկզբում ռեյկիի տեխնիկան սովորեցնում էին միայն ճապոնացիներին, այնուհետև ռեյկիի նրբություններին սկսեցին ծանոթանալ նաև այլազգիները։ Այժմ այն տարածված է ամբողջ աշխարհում, և միլիոնավոր մարդիկ կարծում են, որ հենց այդ ուսմունքն է օգնել իրենց խուսափելու բազմաթիվ անհաջողություններից։
Հայաստանում նույնպես ռեյկին ունի իր հետևորդները։ Այստեղ գործում է Հայ ռեյկիստների ասոցիացիան։ Ասոցիացիայի անդամ, ռեյկիի վարպետ-ուսուցիչ ԶԱՌԱ ԱՆՏՈՆՅԱՆԻ հետ զրույցում փորձեցինք մանրամասներ պարզել ռեյկիի մասին։
-Տիկին Զառա, ի՞նչ է ռեյկին։
-Ռեյկին ձեռքերով բուժող էներգետիկ համակարգ է: Մարդը էներգետիկ բաց թերմոդինամիկական համակարգ է։ Օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև անընդհատ կատարվում է էներգափոխանակություն։ Ընդ որում, մարդու մեջ կա երկու տեսակի էներգիա՝ ձեռքբերովի և ժառանգական։ Ժառանգական էներգիան հիմնականում կենտրոնանում է երիկամներում։ Իսկ էներգիայի մյուս տեսակը մենք ստանում ենք արտաքին աշխարհից զգայարանների միջոցով, որոնք մարդու օրգանիզմում վերափոխվում են՝ դառնալով կենսական էներգիա։ Եվ այդ կենսական էներգիան սկսում է շրջապտույտ կատարել 12 միջօրեականներով։ Բացի այդ, մարդու օրգանիզմը ստանում է նաև Երկիր մոլորակի էներգիան, որը փոխանցվում է ներբաններում առկա հատուկ էներգետիկ կենտրոնների միջոցով, իսկ գլխի գագաթամասով ստանում ենք տիեզերքի էներգիան, և ողնաշարի միջոցով այդ էներգիաներն ազատ ելումուտ են անում։ Ռեյկին տիեզերական էներգիա է, իսկ մարդը՝ այդ էներգիայի կրողը։ Եթե մարդն առողջ է, այդ էներգիան շատ հեշտությամբ ու արագ շրջանառվում է՝ բուժելով, վերականգնելով օրգանիզմը, նոր լիցքեր մատակարարելով նրան։ Այնուհետև այդ էներգիան, դուրս գալով մարմնից, մարդու շուրջը ստեղծում է էներգետիկ պաշտպանական թաղանթ։ Տարիքի հետ կենսական էներգիան սկսում է նվազել, բացի այդ, մարդու մեջ կուտակվում են բացասական զգացմունքներ, մտքեր, կրքեր, որոնք իրենց հետքն անպայման թողնում են մենթալ մարմնի վրա, ինչի արդյունքում էներգետիկ կենսական պաշարը սկսում է նվազել։ Եվ միջօրեականներում սկսում են առաջանալ տարբեր արգելքներ, որոնք խանգարում են էներգիայի ազատ շրջապտույտին։ Իսկ յուրաքանչյուր միջօրեական սնում է առանձին օրգան-համակարգերի, որոնք, էներգիա չստանալով, սկսում են հիվանդանալ։ Ռեյկին օգնում է վերականգնելու այդ էներգիան։ Ձեռնադրված ռեյկիստներն այդ էներգիայի կրողներն ու փոխանցողներն են։ Նրանց շնորհիվ ձեռքերի համապատասխան շփումներով էներգիան թափանցում է մարմնի մեջ և բացում խցանված միջօրեականները։ Բացի այդ, գոյություն ունի գիտակցություն ունեցող էներգիա, այսինքն՝ երբ ձեռքը հպվում է ցավող տեղին, բուժվում է ոչ միայն այդ տեղը, այլև էներգիան հոսում է դեպի այն օրգանները, որտեղ դրա կարիքը կա։
-Ռեյկին ունի՞ բացասական ազդեցություններ։
-Ռեյկին ընդհանրապես բացասական ազդեցություն չունի։ Դա ցույց է տվել մեր փորձը, բացի այդ, գրականության մեջ չեք գտնի որևէ դեպք, որ խոսի ռեյկիի բացասական հետևանքի մասին։ Ռեյկին սիրո, ուժի և լույսի սինթեզ է։
-Ի՞նչ է տալիս ռեյկին մարդկանց։
-Ռեյկիի մեջ մարդիկ տարբեր խնդիրներով են մտնում՝ զգացմունքային, առողջական։ Ընդ որում, առողջական խնդիրների պատճառով ռեյկիին դիմողները ստանում են նաև հոգեկան հավասարակշռություն, ներդաշնակություն առաջին հերթին իրենք իրենց, ապա նաև արտաքին աշխարհի և տիեզերքի հետ։ Ռեյկիով զբաղվող մարդը դառնում է շատ հանգիստ, խաղաղ, սկսում է հեշտությամբ լուծել կոնֆլիկտները։ Հետաքրքիր է, որ այդ էներգիան թույլ չի տալիս, որ շուրջդ անգամ կոնֆլիկտներ ստեղծվեն, մարդու աուրան խիստ պաշտպանված է։ Բացի այդ, այն, ինչ պետք չէ տվյալ մարդուն, ռեյկին շատ հեշտությամբ մեկուսացնում է։ Դրանք կարող են լինել մարդիկ, որոնք, թվում է, ինչ-որ տեղ են գրավում մեր կյանքում, այնինչ նրանք տիեզերքի օրենքներով մեզ պետք չեն։ Եվ հաճախ առանց պատճառի այդ մարդիկ հեռանում են մեզնից։ Սակայն դա չի նշանակում, թե ռեյկին մշտապես զերծ է պահում պրոբլեմներից։ Ո՛չ, պարզապես դու քո մոտեցումն ես փոխում երևույթների նկատմամբ և հեշտ կողմնորոշվելու հնարավորություն ստանում։
-Ցանկացած մարդ կարո՞ղ է կրել և փոխանցել ռեյկիի էներգիան։
-Այո՛, գոյություն ունի հատուկ արարողակարգ, որի ժամանակ ուսուցիչը համապատասխան տեխնիկայի միջոցով բացում է մարդու էներգետիկ կենտրոնները՝ չակրաները, որպեսզի ռեյկիի էներգիան կարողանա մուտք գործել։ Դրանից հետո մարդն ամբողջ կյանքում ռեյկիի կրող է, որը կարող է և՛ օգտագործել, և՛ ոչ։ Բուժելու միջոց են համարվում ձեռքերը. ձեռքի ափն էներգիա տալու ամենալավ միջոցն է: Ռեյկին շատ լավ աշխատում է երեխաների մոտ։ Ռեյկին կենսակերպ է, որն օգնում է ցանկացած հանգամանքում։
-Կրոնական որևէ ուսմունքի հետ ռեյկին առնչություն ունի՞։
-Երբ ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցվում էր Հայ ռեյկիստների ասոցիացիան, մեզ հարցրին և ստուգեցին՝ արդյո՞ք ռեյկին աղանդ չէ։ Ռեյկին ոչ մի աղանդի, դավանանքի, կրոնական ուղղության հետ կապ չունի։ Ես ինքս Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, հավատարիմ եմ քրիստոնեական բոլոր ավանդույթներին, ինչն ինձ բոլորովին չի խանգարում զբաղվելու ռեյկիով։ Ռեյկիով կարող է զբաղվել ցանկացած կրոնի, ազգության ներկայացուցիչ։ Ցանկալի կլիներ, որ մարդիկ տեղեկացված լինեին և օգտագործեին այդ էներգիան, ինչն էապես կփոխեր կյանքի որակը։ Երբ որևէ բան է պատահում, անմիջապես մտածում ենք՝ բայց ինչո՞ւ հատկապես մեզ հետ։ Մեզնից յուրաքանչյուրը երբ ինչ-որ անախորժության է բախվում, պետք է միանշանակ իմանա, որ պատճառն իր մեջ է։ Իսկ կոնֆլիկտները, հիվանդությունները կամ բարդ հարաբերությունները հաճախ կրկնվելու դեպքում դառնում են կարմայական։ Նման պարագայում եթե փորձենք թափանցել մեր մեջ, վերլուծել իրադարձությունները, կգտնենք նաև պատճառը։
-Աշխարհում որքանո՞վ է տարածված ռեյկին։
-Այն բավականին մեծ մասսայականություն ունի։ Եվրոպայում նույնիսկ կան ռեյկիի խոշոր կենտրոններ։ Միացյալ Նահանգներում անգամ բուժական հիմնարկների բուժանձնակազմն ունի ռեյկի, որովհետև փորձը ցույց է տվել, որ ռեյկին հիվանդներին մեծապես օգնում է ավելի հեշտ անցնելու վերականգնողական շրջանը։
-Ռեյկին՝ որպես բուժիչ մեթոդ, չի՞ հակասում ավանդական բժշկությանը։
-Ո՛չ։ Ռեյկին երբեք չի մերժում ավանդական բժշկությունը, դեղերը, բուսաբուժությունը, ասեղնաբուժությունը և այլն։ Պարզապես այն նպաստում է, որ բուժումն ավելի արդյունավետ լինի: Այն հիվանդները, ովքեր հետևողականորեն զբաղվում են ռեյկիով, աստիճանաբար կրճատում են ընդունվող դեղերի քանակը: Ռեյկին օգնում է վերացնելու հիվանդության պատճառները։
-Հնարավո՞ր է, որ մարդ կախվածության մեջ ընկնի ռեյկիի վարպետ-ուսուցչից։
-Ոչ, քանի որ ձեռնադրման տեխնիկայի վերջում կա հատուկ մի գործողություն, որով կտրվում-անջատվում է աշակերտն ուսուցչից։ Նա դառնում է ինքնուրույն ու կարող է գործել առանձին։ ՈՒսուցիչը չի դառնում էներգետիկ վամպիր։ Բոլոր առումներով ռեյկին դրական էներգիա է։
-Հայաստանում շա՞տ են ռեյկիով հետաքրքրվողները։
-Բավականին։ Սկզբում մեր շրջապատի մարդիկ, տեսնելով մեր մեջ եղած դրական փոփոխությունները, այցելել են, ընդունել այդ էներգիան։ Ռեյկիի նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին Հայաստանում մեծացել է։ Դրան նպաստել է և՛ Հայ ռեյկիստների ասոցիացիայի գործունեությունը, և՛ համացանցում առկա հարուստ տեղեկությունը։ Ոմանք խորհուրդ են տալիս գովազդել ռեյկին։ Չեմ կարծում, թե ռեյկին գովազդի կարիք ունի. այն մարդիկ, որոնց պետք է դա, ի վերջո, գալիս գտնում են։ Հայաստանում ռեյկիով հետաքրքրվում են ամենատարբեր խավերի, կրթական ու սոցիալական աստիճանի մարդիկ։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 7149

Մեկնաբանություններ